Ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիին, որին ազատազրկել են 6 տարի ժամկետով, 2 օրով ազատ են արձակել:
«Ինտերպրեսնյուս» լրատվականի հետ զրույցում նրա կինը՝ Լեյլա Մուստաֆաևան հայտնել է,որ Աֆգան Մուխթարլիին բաց են թողել մասնակցելու քրոջ եւ քրոջ երեխաների մահվան քառասուներորդ օրվա արարողությանը:
«Ուզում եմ նշել, որ Աֆգան Մուխթարլիին իր ընտանիքի անդամների հուղարկավորության ժամանակ ազատ չարձակեցին, թեև փաստաբանը դիմել էր քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը: Անկեղծ ասած, հիմա էլ հույս չունեինք, որ նրան բաց կթողնեն»,- ասել է Մուստաֆաևան:
Նրա խոսքով, Աֆգան Մուխթարլիի առողջական վիճակը նորմալ է, բանտում նա բուժվում է:
«Ինչ վերաբերում է Վրաստանում անցկացվող հետաքննությանը, մեզ հետ ոչ ոք կապ չի հաստատում: Ոչ մի տեսակի նորություն հետաքննությունից չունենք, ինչը եւս մեկ անգամ հաստատում է, որ Վրաստանի իշխանությունների մարդիկ են Աֆգան Մուխթարլիի առեւանգման մեջ խառնված»,- հայտարարել է Մուստաֆաևան:
Հիշեցնենք, որ Մուխթարլին առևանգվել էր անցյալ տարվա մայիսի 29-ին Թբիլիսիում, ապա տեղափոխվել էր Բաքվի բանտ։