Արչիլ Տատունաշվիլիի մարմնի վրա փորձաքննությամբ բռնության հետքեր չեն արձանագրվել։ Այս մասին տեղեկացրել է Ցխինվալիի դատաբժիշկ Ինալ Տեխովը՝ նշելով, որ Տատունաշվիլիի դին իրենց կողմից դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել փետրվարի 22-ի լույս 23-ին։
«Արյունազեղման որևէ հետք, ներքին օրգանների կամ գանգուղեղի վնասվածք չի արձանագրվել»,-հայտնել է Տեխովը։ Նա ընդգծել է,որ սրտի հետազոտության ժամանակ հայտնաբերվել է սրտանոթային իշեմիկ անբավարարություն։
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Հարավային Օսիայում Վրաստանի 3 քաղաքացի է ձերբակալվել` Արչիլ Տատունաշվիլին, Լևան Քուտաշվիլին և Իոսեբ Պավլիաշվիլիին: Փետրվարի 23-ին հայտնի է դարձել, որ Տատունաշվիլին անհայտ հանգամանքներում հիվանդանոցում մահացել է: