«Կարմիր խաչ» միջազգային կազմակերպության ներգրավվածությամբ, Ցխինվալիի դե ֆակտո իշխանությունը Վրաստանին է փոխանցել Արչիլ Տատունաշվիլիի դին:
Գործընթացում մասնակցել են նաեւ Վրաստանի Պետական անվտանգության ծառայության վերլուծական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Կախա Քեմոկլիձեն, Հաշտեցման եւ քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթեւան Ցիխելաշվիլին եւ այլ պետական հաստատությունների ներկայացուցիչներ:
Դին Վրաստանին փոխանցել են Էրգնեթիի հետ շփման գծում: Այն նախ կտեղափոխվի Թբիլիսի, փորձաքննության ազգային բյուրո, ինչից հետո Ծիլկանի՝ Տատունաշվիլիի տուն:
«Բոլոր համապատասխան կառույցները, մեր գործընկերները ինտենսիվ կերպով աշխատում են այս հարցի շուրջ եւ բոլոր հնարավոր մեխանիզմները կաշխատեն այս ուղղությամբ»,- նշել է Քեթեւան Ցիխելաշվիլին:
«Տատունաշվիլիի մարմնի հետ միասին Վրաստանին է փոխանցվել անկախ դատաբժշկական փորձաքննության եզրակացություն»,- այս մասին գրում է Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի «Рес» լրատվական գործակալությունը մեջբերելով Հարավային Օսիայի հետհակամարտային կարգավորման հարցերով նախագահի պաշտոնակատար Մուրադ Ջիոեւի հայտարարությունը:
Ըստ նրա, ավելի հստակ եզրակացության ակնկալիքով բիոնյութերն ուղարկվել են անկախ փորձաքննության Ռուսաստան: Անկախ փորձաքննության արդյունքում պարզ է դարձել, որ մահվան պատճառը սրտի սուր անբավարարությունն է:
Ինչպես նշում է գործակալությունը մեկ այլ հոդվածում, Տատունաշվիլիի փախուստի փորձի ընթացքում վերջինիս վրա ֆիզիկական ուժ է կիրառվել:
«Լուրջ կասկածներ ունեմ, թե իրականացված փորձաքննության արդյունքները կարող են մոտ լինել իրականությանը»,- հայտարարել է Վրաստանի փախստականների եւ վերաբնակեցման նախարար Սոզար Սուբարին:
Հիշեցնենք` փետրվարի 22-ին շփման գծում ձերբակալվել են վրաստանի քաղաքացիներ Արչիլ Տատունաշվիլին, Լեւան Քուտաշվիլին և Իոսեբ Պավլիաշվիլին: Փետրվարի 23-ին տարածվել էր տեղեկատվություն, որ Արչիլ Տատունաշվիլին անհայտ պայմաններում մահացել է: Օսական մամուլի տեղեկատվությամբ Արչիլ Տատունաշվիլին մահացել է Ցխինվալիի հիվանդանոցում: