«Սորոսի հիմնադրամի գործունեությունը պիտի արգելվի, կեցցե Վրաստանն առանց Սորոսի»,- այս ու նմանատիպ այլ կոչերով «Վրացիների քայլերթ» շարժման մասնակիցները Թբիլիսիում կազմակերպած ակցիան մեկնարկեցին Ռուսթավելիի մետրոյի կայարանի հարակից տարածքում: Շուրջ 1 ժամ ուշացումով մեկնարկած ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի «Բաց հասարակության հիմնադրամներ Վրաստան»-ի գրասենյակ: Տեղում մոբիլիզացված էր Ներքին գործերի նախարարության շուրջ հարյուր աշխատակից:
Ակցիայի մասնակիցներից ոմանք բժշկական դիմակներով էին: Հարցին, թե ինչն է դիմակների նպատակը պատասխանեցին, թե այս կերպ պաշտպանվում են քաղաքում արաբների ու հնդիկների հոտից: Ինչպես նշեցին ակցիայի կազմակերպիչները, սա բողոք է Սորոսի գործունեության դեմ, քանզի որ` նրա գործունեությունը դեմ է վրաց ժողովրդի շահերին: Ակցիայի մասնակիցները բողոք էին ներկայացնում նաեւ Վրաստանի իշխող կուսակցությանը «Վրացական հողը չպետք է վաճառվի օտարերկրացիներին» կոչերով.
«Վարչապետը սխալ տեղեկություն է ներկայացրել վրաց հանրությանը, քանզի նա խոստացել էր, որ վրացական հողը չի վաճառվելու: Կառավարությունը հողատարածքների 65 տոկոսի վաճառքի իրավունք է թույլատրում մինչ օրս: Եթե Վրաստանի կառավարությունը գտնում է, որ հողերը պիտի չվաճառվեն, պետք է կողմ քվեարկել Խորհրդարանին ներկայացված օրինագծին»,- նշեց «Վրացիների քայլերթի» հիմնադիր Սանդրո Բրեգվաձեն:
Սորոսի հիմնադրամի գրասենյակից հետո ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեի նախընտրական շտաբ: Ցուցարարները Կալաձեին «Սորոսի ձագ» որակեցին, շենքի հարակից տարածքում մնացին շուրջ մեկ ժամ:
Ակցիայի ընթացքում ոստիկանության ներկայացուցիչների եւ ցուցարարների միջեւ հրմշտոց եղավ, ինչի արդյունքում ձերբակալվեց «Վրացիների քայլերթի» կազմակերպիչներից Լադո Սադղոբելաշվիլին: Վրացիների քայլերթի մասնակիցները հայտարարեցին, թե հաջորդ ակցիայի ընթացքում չեն բացառում հնարավոր բռնությունները` մարտահրավեր որակելով ոստիկանների հետ բախումները:
Հողի վաճառքի վերաբերյալ ցուցարարների պահանջները վերաբերում էին 2017թ-ի հունիսի 16-ին, Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված մորատորիումը, ըստ որի օտարերկրացիները գյուղատնտեսական նշանակության հող այլեւս չեն կարողանա ձեռք բերել: խորհրդարանի նոր նախաձեռնության համաձայն, մորատորիումը չի վերաբերի օրինսդրությամբ սահմանաված կոմերցիոն բանկերին: Դրանք պարտավոր կլինեն գյուղատնտեսական հողատարածներում սեփականություն ձեռք բերելուց 2 տարվա ընթացքում երրորդ կողմի վաճառել սեփականությունը:
Ի դեպ, Սորոսի հիմնադրամը մինչեւ 2014 թվականը Վրաստանում տարբեր ծրագրերի իրականացման համար ծախսել է ավելի քան 80 մլն ԱՄՆ դոլար: Այժմ հիմնադրամը շարունակում է ծրագրեր ֆինանսավորել Վրաստանում` մարդու իրավունքների, հանրային առողջապահության, ԶԼՄ-ների, եվրաինտեգրման եւ այլ ուղղություններով: