
Տաքսի ծառայություն մատուցելու համար պարտադիր թույլտվություն ունենալու մասին առաջարկն ուղարկվել է Վրաստանի խորհրդարան:
Վրաստանի վարչական իրավախախտումների մասին օրենքի փոփոխությունների համաձայն՝ առանց թույլտվության կամ թույլտվության պայմանները խախտելով ուղևորափոխադրումներ իրականացնող տաքսիների վարորդները կտուգանվեն 200 լարիով: Նշանակված տուգանքը մեկ ամսվա ընթացքում չմուծելու դեպքում վարորդը կվճարի կրկնակի: Օրենսդրական փոփոխությունների առաջարկն արդեն քննարկվում է օրենսդիրում, նախաձեռնության հեղինակները իշխող կուսակցության պատգամավորներ Կախա Կուչավան և Նինո Ցիլոսանին են:
Հիշեցնենք՝ Թբիլիսիում տաքսի ծառայություն մատուցելու համար պարտադիր թույլտվության մասին դեռևս հունվարին խոսել է քաղաքապետ Կախա Կալաձեն: Ավելի վաղ փոխքաղաքապետ Մայա Բիտաձեն հայտնել էր, որ տաքսի վարելու թույլտվության համար նախատեսված գումարը միանվագ է և նվազագույն: Բացի այս, քաղաքապետարանն աշխատում է, որպեսզի տաքսի վարելու թույլտվություն ստանալու առցանց հնարավորություն ևս լինի:
Թույլտվություն ստանալու համար բավական է ներկայացնել միայն անձը հաստատող փաստաթուղթ և վարորդական իրավունքի վկայական:
Նյութի աղբյուր՝ sputnik-georgia