Առանց դեղատոմսի հոգեմետ դեղամիջոցներ տրամադրող դեղագործների մասնագիտական գործունեությունը կարող է կասեցվել:
Newsgeorgia –ի փոխանցմամբ` այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական ապահովության նախարար Դավիդ Սերգեյենկոն: Նրա խոսքով` Նախարարությունը պատրաստվում է նման կարգավորում ներկայացնել Կառավարության առաջիկա նիստի քննարկմանը:
Գործունեության սահմանափակումը որպես պատժամիջոց կավելանա տուգանքներին, որոնք օրենքը նախատեսում է առանց դեղատոմս դեղամիջոցներ տրամադրող դեղատների համար: Սերգեյենկոն նշել է, որ ի հեճուկս օենսդրական արգելքի, վերջին ժամանակներում որոշ դեղատներ դեռ շարունակում են առանց դեղատոմսերի դեղամիջոցներ տրամադրել: Գործող օրենքն առանց դեղատոմս հոգեմետ դեղեր տրամադրող դեղատների համար տուգանքից բացի որևէ այլ պատժամիջոց չի նախատեսում:
Նախարարը սպասվող փոփոխությունների մասին հայտնել է տեղական դեղագործական ընկերությունների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: 2014 թ.-ի սեպտեմբերի 1-ից Վրաստանում արգելվում է առանց դեղատոմս քնաբեր, սեդատիվ, հակաքաղցկեղային միջոջներ, հակադեպրեսանտներ և իմունոմոդուլյատորներ վաճառել, բացառություն են կազմում բուժիչ բույսերի հիմքով պատրաստված դեղերը:
Առանց դեղատոմս չի կարելի վաճառել նաև համակարգային կիրառման հակամիկրոբային միջոցներ, Պարկինսոնի հիվանդության, շաքարային դիաբետի դեմ օգտագործվող դեղամիջոցներ, հակաալերգիկ ներարկային միջոցներ, սրտի գլիկոզիդներ, առիթմիայի և հիպերտենզիայի դեմ միջոցներ, ինչպես նաև ներարկային դեղամիջոցների որևէ տեսակ: