Ապրիլի 26 -ին վրաստանյան ԶԼՄ-ները ակտիվորեն անդրադարձան Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի` «France 24» հեռուստաալիքին տված հարցազրույցին: Ֆրանսիա կատարած այցի ընթացքում նախագահը, ֆրանսիական հեղինակավոր հեռուստաընկերության հետ զրույցում խոսելով նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ հարաբերությունների մասին, ասել է. «Ես երբեք չեմ կառավարվել Իվանիշվիլիի կողմից և նրա հետ որևէ շփում չունեմ»:
Նախագահին հարց է ուղղվել նաև Վրաստանի նախկին նախագահ, այժմ Օդեսայի նահանագապետ Միխեիլ Սահակաշվիլիի մասին: Մարգվելաշվիլին սակայն ասել է, որ չի պատրաստվում քննարկել Ուկրաինայի կառավարության անդամներին վերաբերող հարցերը: «Պարոն Սահակաշվիլին հիմա մեր բարեկամ ազգի՝ Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաներից է: Ուկրաինան մեր ռազմավարական գործընկերն է: Կարծում եմ` վրաց ժողովուրդը ինքը պիտի որոշի` հետաքրքվի Սաhակաշվիլիի ուկրաինական քաղաքականությամբ, թե ոչ: Եթե հարցնում եք` կքվեարկեմ նրա ոգտին թե ոչ, կպատասխանեմ, որ ես իմ ձայնը կտամ ինձ»,- Գիորգի Մարգվելաշվիլիի խոսքերն է մեջբերել «Kvira.ge» պարբերականը:
Մամուլը լայնորեն անդրադարձավ նաև Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլի` ԱՄՆ այցին և հատկապես փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ հանդիպմանը: «Interpressnews»-ի փոխանցմամբ Կվիրիկաշվիլին հանդիպումից հետո հայտարարել է, որ ԱՄՆ փոխնախագահի հետ քննարկել են հայ-ամերիկյան 25-ամյա համագործակցությունը:
Ապրիլի 26 –ի վրացական մամուլը ընթերցողների ուշադրությունը բևեռեց նաև Վրաստանի «Եվրոպական դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Պաատա Դավիթայայի հայտարարության վրա: Վերջինս համոզմունք է հայտնել, որ «Ռուսթավի 2» հեռուստաալիքի պաշտպանության համար ոտքի կկանգնեն ոչ միայն քաղաքական կուսակցությունները, այլև ողջ հասարակությունը.
««Ռուսթավի 2» հեռուստաալիքի դեմ հարձակումները շարունակվում են: Ակնհայտ է, որ Վրաստանի վարչապետը ԵԽ-ի ամբիոնից ստեց, թե հեռուստաալիքի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում: Սակայն «Ռուսթավի 2»-ի դեմ արդեն երկրորդ ալիքն է սկսվել: Սա նշանակում է, որ առաջիկա ընտրությունների օրինականությունը կասկածի տակ է առնվում», -ասել է Դավիթայան` կոչ անելով իշխանություններին` դադարեցնել լրատվամիջոցների վրա ճնշումները: Միևնույն ժամանակ նա ասել է, թե իրեն չի հետաքրքրում Սահակաշվիլին (ում պատկանում է «Ռուսթավի 2»-ը) կվերադառնա Վրաստան, թե ոչ:
«Երբ «Ռուսթավի 2»-ը վտանգված կլինի «Մայդան»-ը կսկսվի: Այն կսկսվի ոչ թե ընտրություններից, այլ այն ժամանակ, երբ հեռուստաալիքը փակման վտանգի առջև կկանգնի»,- «Եվրոպական դեմոկրատներ» կուսակցության ղեկավարի խոսքերն է մեջբերում «Frontnews» պարբերականը:
Նույն լրատվամիջոցը գրում է նաև, որ Բրյուսելում Վրաստանի Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին հույս է հայտնել, որ «Ռուսթավի 2»-ը, որպես ընդիմադիր հեռուստաալիք, կշարունակի հեռարձակվել:
«Politra tv»-ն էլ անդրադառնում է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուփաշվիլիի` վիզայի ազատականացման մասին հայտարարությանը: Ըստ պարբերականի` Ուսուփաշվիլին այս հարցում 3 խնդիր է տեսնում: Դրանցից մեկը «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչների կողմից` Բրյուսելում հնչեցրած «լենինյան-ստալինյան» բնույթի հայտարարություններն են:
«Interpressnews» պարբերականը տեղեկացրեց, որ Գիորգի Աբրամիշվիլիի անվան ռազմական հիվանդանոց են այցելել ութ երկրների` Վրաստանում գտնվող ռազմական կցորդները: Պարբերականի փոխանցմամբ Թուրքիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի, Ռումինիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի, Էստոնիայի և Հայաստանի ` Վրաստանում աշխատող ռազմական կցորդները հանդիպել են հիվանդանոցի տնօրեն Գիորգի Մաիսուրաձեի հետ: Հիվանդանոցի աշխատակազմը նրանց ներկայացրել է բժշկական հաստատության պատմությունը: Հյուրերը նաև հարգանքի տուրք են մատուցել ռազմական գործողությունների արդյունքում զոհված բժիշկների հիշատակին կանգնեցված հուշակոթողի մոտ:
Վրաստանյան մամուլի գրթե բոլոր ներկայացուցիչները անդրադարձան նաև ապրիլի 25-ին ՀՀ մայրաքաղաք Երևանում երթուղային ավտոբուսում տեղի ունեցած հզոր պայթյունին: «Ռուսթավի 2» հեռուստաալիքը տեղեկացրեց, որ «պայթյունի հետևանքով զոհվել է 2 մարդ, կա 10 վիրավոր: ՀՀ Ոստիկանության հաղորդագրության համաձայն` ավտոբուսում պայթուցիկ սարքը է եղել, որը պայթել է աջ կողմի նստարանին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել է խստացնել անվտանգության միջոցառումները:
Վրացական մամուլը պարբերաբար տեղեկություններ է հաղորդում նաև ազգային տարադրամի փոխարժեքի մասին, այս անգամ նշելով, որ լարին դոլարի նկատմամբ մի փոքր ամրապնդել է դիրքերը: Իսկ եվրոյի նկատմամբ արժեզրկվել է (2.5189 լարի): Վաղը 1 ԱՄՆ դոլարի արժեքը կկազմի 2.2319 լարի: