Ապրիլի 10-ից Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի քաղաքային ավտոբուսների վերահսկմամբ զբաղվող աշխատակիցների մի խումբը կվերահսկի նաեւ ավտոկայանատեղիները: Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտային ընկերության տվյալներով, ավտոբուսների հսկիչներից առանձին խումբ հատկացվելու է ավտոկայանատեղիների վերահսկման համար, եւ նրանք ստիպված չեն լինի միաժամանակ երկու աշխատանք կատարել:
Քաղաքապետարանի որոշման համաձայն՝ Թբիլիսիում ապօրինի կայանումների տուգանքների հավաքագրումն իրականացնող «Սիթի պարկ» ընկերության հետ պայմանագիրը կավարտվի 2018 թվականի ապրիլի 10-ին, որից հետո մայրաքաղաքի տրանսպորտային ծառայությունը կիրականացնի ավտոկայանատեղիների վերահսկման աշխատանքները: Դեռևս հայտնի չէ, թե որքան ժամանակ պետք է տրանսպորտային ծառայությունը իրականացնի այդ աշխատանքները:
«Ավտոբուսների հսկիչները ստիպված չեն լինի կրկնակի աշխատանք կատարել: Առաջին փուլում, մինչեւ «Սիթի պարկի» աշխատակիցները մեզ մոտ կգան, մենք նախապատրաստական աշխատանքները կիրականացնենք մեր ռեսուրսներով, իսկ հետո կընդլայնենք աշխատակազմը, քանի որ երկար սպասել չենք կարող»,-հայտնել են քաղաքապետարանից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել էր, որ «Սիթի պարկի» հետ պայմանագրի ավարտից հետո, ընկերության աշխատակիցները անգործ չեն մնա. նրանք աշխատանք կստանան քաղաքապետարանի տրանսպորտային ընկերությունում: