Փողոցային առևտրի դեմ պայքարը հասավ նաև մետրոյի Դելիսի կայարան: Մետրոյի հարակից տարածքի բոլոր առևտրային տաղավարներն ապամոնտաժվել են, ապա հատուկ տեխնիկայի օգնությամբ տեղանքը լվացվել է:
Քաղաքապետարանի հայտարարության համաձայն՝ առևտրականներն ինքնակամ են դադարեցրել Դելիսիի հարևանությամբ չարտոնված առևտուրը:
Թբիլիսիի քաղաքապետարանը խիստ պայքար է սկսել մայրաքաղաքի փողոցներում առևտրի դեմ: Մարտի 19-ից մինչ հիմա քաղաքի մի շարք կետրոնական փողոցներ մաքրվել են առևտրի տաղավարներից և կուտակված աղբից: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Շուկաների ասոցիացիայի հետ, ըստ որի՝ փողոցային առևտրականները կես տարի ժամկետով արտոնյալ պայմաններով կարող են առևտուր կազմակերպել քաղաքի փակ շուկաներում: Չնայած առևտրականների դժգոհություններին (նրանք արդեն մի քանի բողոքի ակցիա են անցկացրել), քաղաքապետարանը շարունակում է Թբիլիսին մաքրել տաղավարներից:
Հիշեցնենք, որ փողոցային առևտուրը Վրաստանում պաշտոնապես համարվում է վարչական իրավախախտում, նախատեսվում է 20-50 լարի տուգանք: Իրավապահների պահանջներին չենթարկվելու դեպքում՝ առևտրականին սպառնում է յոթնօրյա ժամկետով ազատազրկում: