Վրաստանի Կրթության նախարարությունը մոտ 3 միլիոն ԱՄՆ դոլար է ծախսել անվճար դասագրքերի և տետրերի ձեռքբերման համար: Վրաստանի կրթության նախարարությունն արդեն գնել է հանրակրթական դպրոցների համար նախատեսված դասագրքերն ու տետրերը և սկսել է դրանց բաշխման գործընթացը: Այս մասին տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից: Գրքերի բաշխման գարծընթացը սկսվել է օգոստոսի 10-ին Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանից:
Վրաստանի հանրակրթական դպրոցներում ուսումնական պրոցեսը կսկսվի սեպտեմբերի 15-ին, ուստի մինչև սեպտեմբերի 14-ը նախատեսվում է բոլոր դպրոցներին ապահովել գրքերով և տետրերով: Այս տարի Կրթության նախարարությունը գնել է 573.207 հատ գիրք և 1.777.072 հատ տետր: Դպրոցական դասագրքերի վրա գերատեսչությունը ծախսել է մոտ 2.2 միլիոն լարի (ավելի քան 922 հազար դոլար), իսկ տետրերի վրա՝ ավելի քան 4.2 միլիոն լարի (ավելի քան 1 միլիոն 812 հազար դոլար): Ուսումնական տարվա մեկնարկին բոլոր դասարանների բոլոր աշակերտները կստանան անվճար դասագրքեր և տետրեր:
Անցած շաբաթ կրթության նախարար Ալեքսանդր Ջեջելավան իր վիդեոբլոգում խոսել է այն մասին, որ համաձայն չէ ընդունված այն պրակտիկայի հետ, երբ պետությունն առանց բացառության բոլոր աշակերտներին դասագրքեր և համակարգիչներ է բաժանում: Նրա կարծիքով ապահովված ընտանիքների երեխաներն իրենք կարող են վճարել դասագրքերի համար: Ջեջելավան ասել է, որ այս տարի այս պրակտիկան դեռեւս ուժի մեջ կմնա, սակայն մյուս տարվանից ինքը կփորձի փոխել իրավիճակը, ինչի արդյուքում գրքերի և տետրերի ձեռքբերման նախարարության ծախսերն էականորեն կնվազեն: