Թբիլիսիի քաղաքային դատարանն ամբողջությամբ բավարարել է անցած շաբաթ Խորավա փողոցում 16-ամյա երկու երեխաների մահվան պատճառ դարձած զանգվածային ծեծկռտուքի կապակցությամբ դատախազության միջնորդությունը և դեպքը թաքցնելու մեջ մեղադրվող հինգ անձանցից երեքի նկատմամբ կիրառել է նախնական կալանք։
Խոսքը երեք չափահաս անձանց մասին է, որոնց սպառնում է մինչև երեք տարվա ազատազրկում։ Մեղադրյալներից մեկն աշակերտներից մեկի ծնողն է, ով ըստ քննության՝ տեղեկացել է սպանության մասին, սակայն չի հայտնել իրավապահներին:
Այսօր դատարանը որոշել է հանցագործությունը թաքցնելու մեջ մեղադրվող երկու անչափահասներից մեկին ազատ արձակել՝ հինգ հազար լարի գրավի դիմաց, մյուսին՝ հանձնել մոր հսկողությանը։
Այս գործով դատական առաջին նիստը կանցկացվի 2018 թվականի հունվարի 9-ին։
Հիշեցնենք, որ Թբիլիսիի թիվ 51 հանրային դպրոցի բարձր դասարանների աշակերտների մասնակցությամբ դեկտեմբերի մեկին տեղի էր ունեցել զանգվածային ծեծկռտուք։ Դանակի բազմաթիվ հարվածների հետևանքով մահացել է 51 դպրոցի 11-րդ դասարանի երկու աշակերտ։
2017-ի դեկտեմբերի 2-ին իրավապահների կողմից Թբիլիսիում ձերբակալվել է Գ.Բ.-ն: Դեկտեմբերի 3-ին նրան մեղադրանք է ներկայացվել: Նույն ընթացքում հեռակա մեղադրանք է ներկայացվել նաև երկրորդ կասկածյալին՝ Գ.Ջ.-ին, որը թաքնվել էր, սակայն դեկտեմբերի 4-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանությանը։ Նրանց երկուսի նկատմամբ էլ կիրառվում է նախնական կալանք։