Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 27-ին մեկնարկել է Սահմանադրական փոփոխությունների թեմայով հանրային քննարկումը:
Ընդդիմության ներկայացուցիչները քննարկման չեն մասնակցել՝ նշելով, որ իմաստ չեն տեսնում սահմանադրական մեծամասնություն ունեցող խորհրդարանում քննարկել երկրի Մայր օրենքի փոփոխությունների հարցը:
«Վրացական երազանք» իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն իր հերթին ասել է, որ խորհրդարանական քննարկումներից հետո սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ համընդհանուր հանրային քննարկման կարիք չկա:
«Սա, հավանաբար, վերջին հանդիպումը կլինի: Կոնկրետ հարցերի դեպքում առանձին պատասխաններ կտրվեն»,-ասել է Մդինարաձեն:
Նկատենք, որ քննարկման ընթացքում Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին առաջարկել է 18-րդ հոդվածի համաձայն ապահովել անձնական տվյալների պաշտպանությունը:
Մդինարաձեի խոսքով, Ծուլուկիանիի առաջարկը կքննարկվի սահմանադրական հանձնաժողովում: