Այսօր ամբողջ աշխարհում նշվում է թատրոնի միջազգային օրը: Տոնը սկսել են նշել 1961 թվականից, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային թատրոնի ինստիտուտը մարտի 27-ը հռչակեց թատրոնի միջազգային օր: Որոշմանը ծանոթանալուց հետո տոնին միացել են նաև խորհրդային իշխանությունները:
Վրացական թատրոնի պատմությունն, ըստ վրացական աղբյուրների՝ սկիզբ է առնում դեռեւս մեր թվարկությունից առաջ 2-րդ հարազամյակի կեսերից: 4-րդ դարի 30-ական թվականներին ստեղծվել է եկեղեցական թատրոնն ու դրաման, զուգահեռաբար՝ զարգացել ժողովրդական թատերական գործունեությունը: Միջնադարում արդիական է դարձել թագավորական պալատի թատրոնը՝ դիմակներով դերասանների ներկայացումներ՝ երաժշտության համակցությամբ: Այնուհետեւ ներկայացումներին ավելացան նաեւ երկխոսություններ:
18-րդ դարի 90-ականներին ստեղծվել է ազգային թատրոն, որտեղ վրացական ներկայացումների հետ մեկտեղ ցուցադրվում էին նաեւ ռուսերենից թարգմանված պիեսների բեմադրությունները: 1845թ Թբիլիսիում հիմնվել է ռուսական դրամատիկական թատրոն, վրացական պրոֆեսիոնալ թատրոնը սկսել է գործել 1850-1856թթ: Մինչ Թբիլիսիում զարգանում էր օպերան, թատրոնը վերականգնվեց 1879թ Ի. Ճավճավաձեի եւ Ա. Ծերեթելիի շնորհիվ: 20-րդ դարի սկզբում վրացական թատերական ասպարեզ են եկել պրոֆեսիոնալ ռեժիսորներ: 1921թ Թբիլիսիի վրացական թատրոնն օծվեց Շոթա Ռուսթավելիի անվամբ:
Այսօր Վրաստանում գործում է 40 թատրոն, դրանց թվում են նաեւ ադրբեջանական պետական եւ Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը, որը համարվում է աշխարհի գործող հայկական թատրոնների հնագույններից: Այն Հայաստանի սահմաններից դուրս գտնվող միակ պետական հայկական թատրոնն է: Շենքը կառուցվել է նախորդ դարի երեսունականներին: Այս տարի Պետրոս Ադամյանի աշխատակազմը նշում է թատրոնի 160-ամյակը: Վերջին 6 տարվա ընթացքում թատրոնը վթարային վիճակում է: Այժմ սկսել են դրա վերանորոգման աշխատանքները: