Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել մահմեդական մեծ տոնի՝ Նովրուզ բայրամի առիթով։ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության համաձայն, Մարգվելաշվիլիի շնորհավորական ուղերձը Մառնեուլիում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառմանը ներկայացրել է Քվեմո Քարթլիի նահանգապետ Գրիգոլ Նեմսաձեն:
«Շնորհավորում եմ Նովրուզ բայրամը՝ գարնան, Նոր տարվա, հույսի եւ սիրո տոնը: Մենք՝ Վրաստանի քաղաքացիներս, միասին ենք ստեղծում այն հարստությունը, որով մեր երկիրը ապրում է։ Աշխատասիրությունը բնութագրում է երկրի ադրբեջանցի ազգաբնակչությանը, դա օրինակ պետք է ծառայի բոլոր ազգերի ներկայացուցիչների համար: Վստահ եմ, նման աշխատասիրությամբ ու միասնությամբ կստեղծենք հզոր եւ ազատ երկիր։ Այսօր ես ձեր կողքին չեմ բայց ձեզ հետ եմ․ Այսօր՝ այս տոնակատարության կողքին Վրաստանը սուգ է ապրում Արչիլ Տատունաշվիլիի մահվան առիթով»,- գրված է նախագահի շնորհավորական ուղերձում։
Նովրուզ բայրամի տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին։ Նա ևս նշել է, որ վերոնշյալ պատճառով չի կարող մասնակցել միջոցառումներին։