Փետրվարի 26-ին, Վրաստանի ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը կիրակնօրյա Post scriptum հաղորդմանը տեսանյութ է ներկայացրել, որտեղ խոսվում է Հայաաստանից դեպի Ռուսաստան այլընտրանքային ճանապարհի մասին: Հեռուստաընկերությունը հիշեցնում է, որ 2013 թվականի հունվարին Վրաստանի արդեն նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ Ռուսաստանը Հայաստանին կապող երկաթգիծը, որը անցնում է Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի տարածքով հնարավոր է վերագործարկվի:
Միևնույն թվականին, Հայաստան պաշտոնական այցի ժամանակ, Իվանիշվիլին հայտարարել էր, որ կողմերի համաձայնության դեպքում հնարավոր կլինի բացել երկաթուղին:
Օրեր առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Լարսի միջանցքին այլընտրանք ճանապարհի մասին է խոսել, սակայն չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ ճանապարհի մասին է խոսքը: Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով Վրաստանում էր և հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին: Վարչապետները իրենց զրույցի մանրամասների վերաբերյալ չեն խոսել լրագրողների հետ: Նրանք միայն նշել են, որ խոսք է գնացել տրանսպորտի ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարների մասին։ Հայկական մամուլում տեղեկատվություն է տարածվել, որ այլընտրանքային ճանապարհը հանդիսանում է բռնագրավված Աբխազիայի տարածքով անցնող երկաթուղին»,- հաղորդում է հեռուստաընկերությունը: