Տեխնիկական թերությունների մասին ահազանգեր ստացվել են նաև Հանրապետական կուսակցության վարկանիշային ցուցակով Լոռու մարզից առաջադրված թեկնածու Վահրամ Բաղդասարյանի ընտրական շտաբում:
Թեկնածուն լավատես է, ասում է՝ նորամուծությունները միշտ առաջացնում են խնդիրներ: Ընտրակաշառք բաժանելը Բաղդասարյանը որակել է արջի ծառայություն և չի բացառել, որ կարող են նման դեպքեր գրանցված լինել:
«Չեմ կարծում, որ այդ նվիրատվությունները կարող են դերակատարություն ունենալ այս ընտրություններում, քանի որ հնարավորինս կարողացել ենք մատուցել քաղաքացիներին, որ որևէ վերահսկում չի կարող լինել ընտրող քաղաքացու նկատմամբ՝ քվեարկության հետ կապված: Յուրաքանչյոր մարդ ինքն է մնալու խցիկում իր խղճի հետ»:
Բաղդասարյանը ընտրատեղամասերում կուտակումները կապում է միմիայն նորամուծության հետ և հույս ունի, որ դրանք օրվա ընթացքում կկարգավորվեն, իսկ ընտրական օրենսգրքի փոփոխությունների դրական ազդեցությունը նկատելի է համարում, չնայած նրան, որ քվեարկելու կարգը ճշտելու համար քաղաքացիները շարունակում են զանգել իրեն. «Իմ բոլոր 192 հանդիպումներում բացատրական աշխատանքներ եմ տարել, սակայն այսօր առավոտ ևս դեռ կան չտեղեկացված քաղաքացիներ»:
Հարցին՝ հանրապետականը կոալիցիա կկազմի թե ոչ, Բաղդասարյանը կարճ պատասխանեց՝ վաղը առավոտյան կասենք: