Թբիլիսիի քաղաքային խորհրդի անկախ պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլիի կարծիքով` Թբիլիսիի քաղաքապետը դավաճանել է մայրաքաղաքի շահերը:
«Palitranews»-ի «360 աստիճան» հաղորդաշարում նա հայտարարել է, թե քաղաքապետ Դավիթ Նարմանիան կատարում է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի ցանկությունները` ի վնաս քաղաքացիների շահերի:
«Իշավիշվիլին այն մարդն է, ով կարող է իրեն շռայլություններ թույլ տալ: Նա նայում է պատշգամբից և ուզում է ամեն ինչ պարիսպով առանձնացնել, բայց մենք քաղաքի ղեկավար ենք ընտրել, նրան աշխատավարձ ենք վճարում այն բանի համար, որ նա իմանա, գիտակցի և ատամներով պաշտպանի քաղաքի շահերը: Բայց նա դավաճանեց դրանց և փոխանցեց ամեն ինչ մեկ մարդու` գրոշների դիմաց»:
Հիշեցնենք, որ նախօրեին, չնայած ընդդիմադիր քաղաքական գործիչների բողոքներին ու պահանջներին, բուսաբանական այգու 29 հա հողատարածքի աճուրդը կայացել է, մասնակցել է մեկ գնորդ` «համաներդրումային հիմնադրամը», տարածքը վաճառվել է 6.326.495 լարիով:
«Համաներդրումային հիմնադրամի» դիտորդական խորհրդի ղեկավար Իրակլի Կարսելաձեն հայտարարել է, թե եթե ինչ-որ մի կազմակերպություն ներկայացնի առավել իրատեսական ծրագիր, ապա նրանք պատրաստ են անվերադարձ հանձնել այդ 29 հա-ն:
Ըստ նրա` ներկա պահին հետաքրքրված կազմակերպությունը, որը կներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, որը կներառի Թբիլիսիի քաղաքապետարանի չափորոշիչները, անվերադարձ կստանա նաև «Ֆինսերվիզ» ընկերությանը պատկանող 10 հա հողատարածքը.
«Խոսքն այն պարզ գործընթացի մասին է , երբ հետաքրքված կազմակերպությունը դիմում է ներկայացնում, համապատասխան հաշվարկներ և ապացույցներ, որ հայտարարված չափորոշիչներին համապատասխան միջոցներ ունի: Այդ դեպքում մենք կհանձնենք տարածքը»:
Լուսանկարը` Էլիսաշվիլիի ֆեյսբուքյան էջից