«Ազատ դեմոկրտատներ» կուսակցության անդամ Ալեքսի Պետրիաշվիլին լքել է կուսակցությունը: Այս մասին արդեն նախկին կուսակցականը գրել է իր ֆեյսբուքյան էջում. «Ողջունում եմ իմ բոլոր ընկերներին, առաջին հերթին շնորհակալություն եմ ուզում հայտնել Ազատ դեմոկրատներին և բոլոր նրանց, ովքեր աջակցում էին ինձ այս շրջանում: Մենք միասին պայքարում էինք առավել լավ ապագայի և եւրոպական Վրաստանի համար: Երկրի մասին կշարունակենք հոգալ, սակայն այլ ոլորտում և այլ կարգավիճակով»,- նշել է Պետրիաշվիլին:
Հատկանշական է, որ այս պահի դրությամբ, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակվել են 99 %-ից ավել ընտրատարածքների ձայները, «Ազատ դեմոկրատներ»-ը հավաքելով 4,61% ձայն՝ չի հաղթահարել խորհրդարան անցնելու 5 տոկոսանոց շեմը:
Հիշեցնենք, սույն թվականի փետրվարի 26-ին անհայտ անձինք հարձակվել էին Պետրիաշվիլիի վրա, ծեծել նրան, այնուհետև կրակել ոտքերին: Դեպքը տեղի էր ունեցել Սաբուրթալոյի գերեզմանատանը: