«Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիայի կարծիքով, ընդդիմադիր քաղաքական գործչի մեքենայի պայթեցման փաստը հասարակության շրջանում անպաշտպանվածության եւ պետության թուլացման զգացում է առաջացնում:
Հիշեցնենք` հոկտեմբերի 4-ի երեկոյան ժամը 9:10-ի սահմաններում Թբիլիսիի Ազատության հրապարակին հարակից՝ Բարաթաշվիլիի հրապարակի մերձակա տարածքում պայթեցվել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ պատգամավոր Գիվի Թարգամաձեի մեքենան: Վիրավորվել է 5 մարդ, որոնցից 4-ին տեղափոխել են հիվանդանոց: Գիվի Թարգամաձեն պայթյունի արդյունքում չի վնասվել:
Ալասանիան ասել է, որ իրադարձությունների ողջ պատասխանատվությունը կրում է երկրի իշխող կուսակցությունը։ «Ընտրական մթնոլորտը օրեցօր ավելի է սրվում: Ամեն օր մենք ողբերգական իրադարձությունների ականատեսն ենք դառնում, ինչը ոչ առողջ ընտրական միջավայր է ձևավորում: Ընտրություններին հաշված օրեր է մնացել, այդ պատճառով էլ այս ամենը քաղաքական գույներ է ստանում»,-ասել է Ալասանին՝ նշելով, որ նման իրադարձությունների արդյունքում հանրությունը իրեն ահաբեկված է զգում:
«Ազատ դեմոկրատներ»-ի ղեկավարը կոչ է արել զերծ մնալ անհիմն եզրակացություններ անելուց․«Մենք կոչ ենք անում նաև Վրաստանի կառավարությանը ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը՝ կենտրոնանալով երկրում ազատ, արդար ընտրություններ անցկացնելու վրա»։
Ալասանիայի կարծիքով, նման իրադարձությունները հարցականի տակ են դնում երկրի ժողովրդավարությունը: