Աթեշյանի հայաստանյան այցը խոչնդոտելու համար նախաձեռնող խումբ է ստեղծվել

Պոլսո հայոց պատրիարքարանը տեղեկացրել է ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի` Հայաստան առաջիկա այցի մասին:

Հունիսի 15-ին Աթեշյանը Մոսկվա կմեկնի, ապա կժամանի Հայաստան` մասնակցելու Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին, ինչպես նաև Հռոմի պապի` հայաստանյան այցերին նվիրված միջոցառումներին: Լուրն առաջացրել է բազմաթիվ հայերի դժգոհությունը: Ֆեյսբուքում «Թույլ չենք տալու Աթեշյանին Հայաստան մտնել» վերտառությամբ էջ է ստեղծվել: Նախաձեռնության հեղինակներն առաջարկում են հունիսի 22-ին Զվարթնոց օդանավակայանում հավաքվել և արգելել Աթեշյանի մուտքը Հայաստան:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արամ Աթեշյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին ուղղված բաց նամակով էր հանդես եկել, որտեղ ներողություն էր հայցում` Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման կապակցությամբ, նշելով, թե բանաձեւն առաջացրել է հայ հանրության զայրույթը: Նամակում Աթեշյանը խոսել էր Թուրքիայի ողջ հայ համայնքի անունից` հայտարարելով, թե հայերն օգտագործվում են գաղութատիրական ուժերի կողմից:

default Թեմայի հետ կապված կարծիքները միանշանակ չէին: Մինչ սոցիալական ցանցերում օգտատերերի մի ստվար զանգված ծայրահեղ քննադատություններ էր հնչեցնում` փոխանորդին Էրդողանի դրածո անվանելով, հայ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները չեն շտապում քննադատել նրան` նույնիսկ հորդորելով ըմբռնումով մոտենալ այս քայլին: Նրանցից մեկը Արցախի թեմի առաջնորդն է: Պարգև սրբազանն ասել էր, թե ինքը շատ լավ է հասկանում Աթեշյանին, նա խորհուրդ է տվել աղմուկ չբարձրացնել:

скачанные файлыԳրեթե նույն տեսակետն ունի նաև Շիրակի թեմի առաջնորդը: Միքայել եպիսկոպոս Աջապահյանն ասել է, թե Հայաստանից շատ հեշտ է  մեղադրանքներ հնչեցնել, իսկ Թուրքիայում բնակվելը և հոգևոր ծառայություն մատուցելը` դժվար: «Մենք պետք է ոչ թե փորձենք մեղադրել Պոլսո փոխպատրիարքին, այլեւ հասկանանք` Թուրքիան ինչ երկիր է»,- հոգևոր առաջնորդի խոսքերն է մեջբերում Newsbook.am-ը:

atesyan.thumbԱռաջին լուրջ քննադատությունը հնչեցրել է Թուրքիայի Ագօս շաբաթաթերի խմբագրակազմը` վիրավորական համարելով իրենց հոգևոր առաջնորդի կարծիքը: «Ընդունեք այս նամակը որպես այդ համայնքի անդամ հանդիսացողների, սակայն ձեր տեսակետներն ու ձևակերպումները չընդունողների ձայնը: Մի պետության կողմից սեփական քաղաքացիներին իրենց բնակավայրերից համակարգված կերպով գրեթե ամբողջության ջնջելու փաստը դուք անվանում եք «Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական ժամանակաշրջանում տեղի ունեցած դեպքեր»: Այս ձևակերպումը վիրավորանք է այդ ժողովրդի նախնիների, զոհերի և ողջերի հասցեին» ,— մասնավորապես ասված է «Ագօս»-ի հրապարակած բաց նամակում:

0Դրամատուրգ, երգիծաբան, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանն իր ֆեյսուքյան էջում գրել է. «Չեմ կարծում, որ նրա գալստի մասին տեղյակ չլինեն Մայր Աթոռում, ավելին՝ այդ այցը Վեհափառի հետ համաձայնեցված չլինի… Սա խայտառակություն է, արհամարանք և վիրավորանք՝ մեր հավատավոր ժողովրդի ազգային զգացմունքներին: Թույլ չպետք է տալ, որ այդ ազգադավի ոտքը պղծի հայոց հողը: Դիմում եմ բարձրաստիճան հոգևոր հայրերին՝ հրաժարվեք նրան դիմավորելուց, հանդիպելուց, ձեր անունն ու հեղինակությունը մի արատավորեք: Հարկավոր է 30 լիրա տալ ու վռնդել Հուդային Հայաստանից:»

Թեմայի հետ կապված արդեն մեկնաբանություն է տարածել նաև Պոլսո պատրիարքարանը, որտեղ մասնավորապես ասվում է. «Թուրքիայի Հայոց Պատրիարքական Աթոռը, իր պատմության ընթացքում ջանացել է բարյացակամ և երկխոսական հարաբերություններ մշակել երկրի ղեկավարության հետ, նաև առավելագույն ջանք է ցուցաբերել՝ չանտեսելով երկրի հանրային կարծիքի զգայնությունները այն նյութերի հանդեպ, որոնք հետաքրքրում են երկրի համայն հանրությանը։»

Թուրքիայի հայկական համայնքը Աթեշյանի այցի վերաբերյալ դիմել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնին. «Մենք, որպես արևմտահայ քաղաքացիներ, ձեր միջոցով դիմում ենք ՀՀ պատկան մարմիններին և Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի պատասխանատուներին, որպեսզի այլևս զերծ ձգեն Արամ Աթեշյանի մասնակցությունը Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին, ով հակահայ հայտարարություններով Թուրքիո հայությունը և ընդհանրապես, արևմտահայության արժանապատվությունը վարկաբեկելով` թուրքական կառավարության քարոզչական մեքենայի գործիքը դարձած է:  Բողոքում ենք Աթեշյանի՝ Հայաստան այցը, իրեն հորդորում ենք զերծ մնալ հավաքական ցանկացած հայտարարություն անել հայության անունից և այլևս ոտք չդնել մայր Աթոռ Էջմիածնի սրբազան տարածքի ներս:  Մենք Աթեշյանին չենք համարում մեր հոգևոր առաջնորդ և նույնիսկ մեր սուրբ եկեղեցու սրբազնության արժանի հոգևորական, քանի որ ինքը ընտրված չէ մեր ժողովրդի քվեներով և պաշտպանում է թուրքական պետության շահերը»:

 

Թողնել պատասխան