«Ազատ Վրաստան» կուսակցությունը պահանջում է, որպեսզի կրթության նախարարությունը հանրությանը ներկայացնի գերատեսչության ծախսերը: Այս մասին ասված է կուսակցության տարածած հայտարարությունում:
Վերջին օրերին սոցիալական ցանցերում աղմուկ է բարձրացրել քննական կենտրոններում օդորակիչների բացակայության հարցը։ Նշվում է, որ քննական կենտրոններում դիմորդների համար ամառվա այս տապին պայմաններ չեն ստեղծվել:
«Նախարարության հայտարարությամբ, օդորակիչների տեղադրումը կապված է ծախսերի հետ, որոնք այս պահին գերատեսչությունը չունի: Սոցիալական ցանցում տարածված տեղեկության համաձայն գնահատման և քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Մայա Միմինոշվիլին 1 տարվա ընթացքում 1 մլն լարի փոխհատուցում է ստացել: Սա այն դեպքում, երբ նրա ամսական աշխատավարձը կազմում է 10 000 լարի: Այս ամենի ֆոնին նախարարության հայտարարությունը ցինիզմ է»,-ասված է «Ազատ Վրաստան»-ի հայտարարությունում:
Տեղեկացնենք, որ ավելի ուշ ԿԳ նախարար Միխեիլ Չխենկելին հավաստիացրել է, որ շաբաթվա վերջին արտասահմանից պատվիրված օդորակիչներով կապահովվեն բոլոր կենտրոնները։