Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆգան Մուխթարլիի ընտանիքը չի ընդունում Վրաստանի քաղաքացիություն ստանալու վրաստանյան իշխանությունների առաջարկը: Նրա կինը՝ Լեյլա Մուստաֆաևան, հայտարարել է, որ Վրաստանի քաղաքացիությունն իր համար անընդունելի է: Նա վստահեցնում է, որ Վրաստանն այս կերպ «Շոու է սարքում». «Վրաստանի քաղաքացիություն վերցնել ես կհրաժարվեմ, քանի որ դա կնշանակեր հրաժարվել իմ երկրի քաղաքացիությունից, ինչը ես չեմ ուզում»։
Աֆգան Մուխթարլին և նրա կինը անցյալ տարի Ադրբեջանում, իրենց վրա զգալով ճնշումները, որոշեցին տեղափոխվել Թբիլիսի։
«Մեկ տարի առաջ ես կեցության իրավունք խնդրեցի, այն ժամանակ ինձ պատասխանեցին, որ մենք իբր թե վտանգավոր գործերով ենք զբաղված և մերժեցին: Հիմա ինչ-որ բա˚ն է փոխվել: Ես այլևս վտանգավոր չեմ: Մեծ խնդրանք ունեմ՝ շոու չբեմադրել՝ լրագրողի առևանգման գործից: Ավելի լավ է՝ իրավապահներն ըստ պատշաճի քննեն գործը»,-ասել է Մուստաֆաևան:
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին դիմել է նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին՝ բացառության կարգով Աֆգան Մուխթարլիի ընտանիքին Վրաստանի քաղաքացիություն շնորհելու խնդրանքով:
Թբիլիսիիում Աֆգան Մուխթարլին անհետացել է մայիսի 29-ին, ժամեր անց նա առանց անձնագրի հայտնվել է Բաքվում։ Լրագրողի գործընկերները, մի շարք իրավապաշտպաններ ու ակտիվիստներ այս ամենը Մուխթարլիի համերաշխության ցույցում կապել են նրա մասնագիտական գործունեության հետ՝ Ադրբեջանի իշխանությունների հետ իրականացրած «գործարքում» տեսնելով նաև Վրաստանի մասնակցությունը։