Վրաստանում Հայաստանի դեսպանատան առջև մի խումբ ադրբեջանցի ուսանողներ բողոքի ակցիա են կազմակերպել՝ հայ-ադրբեջանական սահմանի վերջին օրերի միջադեպերի առնչությամբ։
Ցույցի մասնակից մոտ 20 երիտասարդներ վրացերենով վանկարկել են «Խաղաղություն Կովկասում», «Խաղաղություն տարածաշրջանում, խաղաղություն աշխարհում», «Ազատություն ադրբեջանական և վրացական հողերին», «Արդարություն Ղարաբաղին և Աբխազիային»:
Ցույցը սկսվել է կեսօրին, տևել է մոտ 20 րոպե։ Ոստիկանությունը ցուցարարներին չի թույլատրել մոտենալ դեսպանատան շենքին: Դեսպանություն է ներկայացվել ուսանողների պատրաստած հայտարարությունը։
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ի երեկոյան, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդեց ադրբեջանական կողմի` ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքներ կիրառելու և ԼՂՀ պաշտպանության բանակի պատասխան գործողությունների մասին, որոնց հետևանքով Ադրբեջանում երկու խաղաղ բնակիչ է զոհվել, նրանցից մեկը` երկու տարեկան երեխա է։
Ըստ հայկական կողմի՝ ադրբեջանական կողմը զինտեխնիկան տեղակայում է հենց բնակելի տների մոտակայքում, ինչի պատճառով էլ հայկական կողմի պատասխան հարվածից տուժել են խաղաղ բնակիչները։