Նոյեմբերի 15-ին Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը Միլի Մեջլիսին (օրենսդիր մարմին) էր ներկայացրել Ադրբեջանի ՔՕ 323.1 հոդվածում լրացումներ անելու օրինագիծը, որը խորհրդարանում քննարկվել և ընդունվել է նոյեմբերի 29-ի նիստի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:
Քրեական օրենսգրքի 323.1 հոդվածում (Ադրբեջանի նախագահի արժանապատվության ոտնահարում և վարկաբեկում հանրային ելույթներում, հանրային ցուցադրվող աշխատանքներում կամ զանգվածային լրատվամիջոցներում) «կամ զանգվածային լրատվամիջոցներում» հատվածը դառնում է «զանգվածային լրատվամիջոցներում կամ համացանցային տարբեր աղբյուրներում տարածման դեպքում»:
Օրենքը խախտողներին սպասվում է 500-1000 ադրբեջանական մանաթ տուգանք (~285-570 ԱՄՆ դոլար ), ուղղիչ աշխատանքներ՝ մինչև 2 տարի ժամկետով կամ 2 տարի ազատազրկում:
Իսկ սոցցանցերում կեղծ աննուններով էջերի միջոցով վիրավորանքներն ու արժանապատվության ոտնահարումը կպատժվի 1000-1500 մանաթի տուգանքով (~570-854 ԱՄՆ դոլար) կամ 3 տարի ազատազրկմամբ: