Լրագրող Աֆգան Մուխթարլիի վերաբերյալ, Ադրբեջանի դատարանը 3 ամսվա նախնական կալանքի որոշում է կայացրել: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Մուխթարլիին մեղադրում է մաքսանենգության (ՔՕ 206 հոդված), պետական սահմանն ապօրինի հատելու (ՔՕ 318 հոդված) և Ոստիկանությանը չենթարկվելու (ՔՕ 315.2 հոդված) մեջ:
Ադրբեջանական կողմի հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Աֆգան Մուխթարլին մայիսի 29-ին, 22:40-ին Ադրբեջանի սահմանային ծառայության աշխատակիցները ձերբակալել են այն բանից հետո, երբ նա փորձել է ապօրինաբար հատել Ադրբեջանի սահմանը: Ձերբակալման ժամանակ Մուխթարլին դիմադրություն է ցույց տվել, իսկ խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է մեծ քանակությամբ գումար»:
Ադրբեջանցի լրագրող, ակտիվիստ Աֆգան Մուխթարլիին վերջին անգամ տեսել են Թբիլիսիում, մայիսի 29-ին, ժամը 19:00-ին: Վրաստանյան մամուլում լուրը հայտնվեց այն բանից հետո, երբ Գերմանիայում գործող ադրբեջանական Meydan.tv-ն հաղորդեց, որ լրագրողը անհետացել է: Հոդվածում, Մուխթարլիի կինը` Լեյլա Մուստաֆաևան պնդում է, որ ամուսնուն մինչ այդ հետևել են, հավանաբար ադրբեջանցիներ: Թբիլիսիում գտնվող Մուստաֆաևան նաև ցուձց է տվել ամուսնու անձնագիրը:
Ավելի ուշ պարզ դարձավ, որ Մուխթարլին ձերբակալվել է Ադրբեջանում: Վրաստանյան մամուլում լուրը արագ տարածվեց, երկրի Ներքին գործերի նարարարությունը հայտարարություն տարածեց: Մասնավորապես Վրաստանի ՆԳՆ-ն գործ հարուցեց ՔՕ 143-րդ հոդվածի հատկանիշներով` ապօրինի ազատազրկում: Հաջորդ օրը` մայիսի 31-ին, Վրաստանի վարչապետն ու Ներքին գործերի նախարարը խուսափեցին լրագրողների հետ զրույցից, իսկ փոխվարչապետ, Կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավան ասաց. «Այդ մարդն ապօրինաբար սահման է հատել: Կան տեղեկություններ, որ նա լրագրող չէ, այլ «Ազատություն» ռադիոկայանի անվտանգության աշխատակից»:
Մուխթարլիի խոսքերը լրագրղներին փոխանցած նրա փաստաբանի համաձայն, Թբիլիսիում լրագրողին բռնի ուժով «Օպել» մակնիշի ավտոմեքենա նստեցնողները վրացիներ են եղել: Այնուհետև ավտոմեքենան փոխել են, որտեղ արդեն խոսել են ադրբեջաներեն: «Մուխթարլին նաև վնասվածքներ ունի դեմքի հատվածում, աչքին և ճակատին` կողոսկրը կոտրված է»,- հայտարարել է փաստաբանը: Փաստաբանը պնդում է, որ Մուխթարլիին Ադրբեջանի տարածք են տեղափոխել անհայտ ճանապարհով եւ ոչ Վրաստան-Ադրբեջան պաշտոնական հսկիչ անցակետով: «Նա կասկածում է, որ վրացական ուժային կառույցների ներկայացուցիչներն են առևանգել իրեն և հետո հանձնել ադրբեջանցիներին, ովքեր նրան ձեռնաշղթաներով կապել են և ծեծի ենթարկել»,-հայտարարել է փաստաբանը:
Ի զորակցություն Մուխթարլիի` Թբիլիսիում մի շարք հայտարարություններից զատ բողոքի ցույց է կազմակերպվել կառավարության շենքի հարակից տարածքում, որտեղ ներկա է եղել նաև նրա կինը: Մուստաֆաևան իր մոտ ունեցել է ամուսնու անձնագիրը:
Օրվա ընթըցքում թեմային անդրադարձան նաև մի շարք քաղաքական գործիչներ: Մասնավորապես ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» առաջնորդները հայտարարում են, որ երկրից մեկ մարդու առևանգումը նշանակում, որ որևէ քաղաքացի պաշտպանված չէ:
«Պետական ինստիտուտներ գոյություն չունեն: Երկիրը կործանվում է և «Վրացական երազանք»-ը իր հետ քաոս և անկայունություն է բերել»,- հայտարարել է կուսակցության անդամ Ակակի Մինաշվիլին: Իշխող թիմում սպասում են հետաքննության ավարտին, սակայն պարզ չէ` Վրաստանի, թե` Ադրբեջանի դատախազության եզրակացությանն են սպասում:
Ադրբաջանցի ակտիվիստ և լրագրող Աֆգան Մուխթարլին Վրաստան է տեղափոխվել մոտ 2 տարի առաջ, ընտանիքի հետ: Կնոջ` Լեյլա Մուստաֆաևայի խոսքերով, նրանք այժմ Ադրբեջանի նախագահի և իր ընտանիքի բիզնեսների մասին հերթական հոդվածի վրա էին աշխատում:
Վրացական Netgazeti.ge պարբերականի հետ զրույցում Մուստաֆաեւան ասել է, որ մի քանի ամիս առաջ վրացական կողմը, իրենց և ադրբեջանցի մի շարք ակտիվիստների համար բնակության թույլտվության փաստաթուղթը չի երկարաձգել` պարզաբանելով, թե «Վրաստանի համար վտանգ են ներկայացնում»:
Վրաստանում ապրելու տարիներին Մուխթարլին և իր կինը շարունակել են լրագրողական գործունեությունը և ադրբեջանական Meydan.tv-ի համար հետաքննական հոդվածներ պատրաստել: Լեյլա Մուստաֆաևայի խոսքերով, վերջին ժամանակաշրջանում իր ամուսնուն անընդհատ հետևել են ադրբեջանական պետական «SOCAR» ընկերության վրաստանյան գրասենյակի ազգությամբ ադրբեջանցի և Վրաստանում բնակվող անվտանգության աշխատակիցները:
Հ.Գ. Հատուկ Վրաստանի փոխվարչապետ, կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավայի համար, ստորև ներկայացնում ենք Աֆգան Մուխթարլիի որոշ հոդվածներ.
Ալիևի բիզնեսները Վրաստանում և Ալիևի բիզնեսները Վրաստանում. մաս 2` Մուխթարլիի հոդվածը Գերմանիայում գործող ադրբեջանական Meydan.tv -ի համար:
Մուխթարլին աշխատել է նաև IWPR-ի համար:
Ի դեպ` սոցիալական ցանցերում Մուխթարլիի և Վրաստանի` SOCAR-ի հանրապետություն դառնալու մասին մի շարք ծաղրանկարներ հայտնվեցին, որոնց հիմնական հեղինակը ադրբեջանական Meydan tv-ն է:
Լուսանկարները` Meydan tv, რადიო თავისუფლება, Jam-news, AliQ Media