Ադրբեջանցի ակտիվիստ Մեհման Հալանդարովին, ով համարվում է քաղբանտարկյալ, կալանավայրում մահացած են հայտնաբերել: Նրա բարեկամների և ընկերների խոսքերով, հնարավոր է Հալանդարովն ինքնասպանություն է գործել:
40-ամյա Մեհման Հալանդարովն ակտիվիստ է, որը 2017 թվականի ապրիլի 1-ին հրապարակված Ադրբեջանի քաղբանտարկյալների ցուցակում է: Հալանդարովը Ադրբեջանում փետրվարին տեղի ունեցած ցույցին է մասնակցել, ինչից հետո թմրանյութեր օգտագործելու համար ձերբակալվել է: Նրա մահվան հետ կապված Բաքվի դատախազությունը քրեական գործ է հարուցել՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով:
Հալանդարովի ընկերների տեղեկատվությամբ՝ նրա մարմինը գաղտնի հուղարկավորել են ապրիլի 30-ին: Հալանդարովն ունեցել է քույր, սակայն նրանք ակտիվիստի քաղաքական հայացքների պատճառով չեն շփվել: