Ապրիլի 22-ին ադրբեջանական 2 առցանց լրատվամիջոց տեղեկատվություն է տարածել, թե ապրիլի 23-ին Վրաստանում ՀՀ դեսպանատան դիմաց ծրագրված բողոքի ակցիային մասնակցելու նպատակով, Թբիլիսի ուղևորվող ադրբեջանական պատվիրակությանը արգելել են մուտք գործել Վրաստան։
Ադրբեջանական կայքը հղում է կատարում Ադրբեջանի` Սփյուռքի միջազգային կենտրոն կազմակերպության` վրաստանյան ներկայացուցչությանը, ում նախաձեռնությամբ էլ ծրագրված է նշված ակցիան: Ըստ տեղեկության` այս կազմակերպության ղեկավար Իսմայիլ Ագաևը, նրա տեղակալ Սամիլ Ադիգյոզալին և կազմակերպության` Վրաստանի ներկայացուցչության ղեկավար Նամիգ Իսաևը , Վրաստանի սահմանապահների կողմից ձերբակալվել են` առանց որևէ բացատրության։
Առաջին երկուսը, ենթադրաբար, ետ են ուղարկվել Գիրմիզի Կյորպյու անցակետ, իսկ Սամիլ Ադիգյոզալին` Սադիգիլի անցակետով վերադարձվել է Ադրբեջան` Գարդաբանիում երկու ժամ սպասելուց հետո:
«Չնայած, որ Թբիլիսիի քաղաքապետարանը ակցիայի անցկացման թույլտվություն էր տվել, կազմակերպիչներին կալանքի տակ պահելը, երկիր մուտք գործել արգելելը ցավալի է: Այսուհանդերձ` կազմակերպության վրաստանյան ներկայացուցչությունը մտադիր է անցկացնել ակցիան»:
Ալիք մեդիան տեղեկության իրավացիությունը ճշտելու նպատակով կապվել է նախ Վրաստանի Ներքին գործերի նախարարության, ապա նաև Սահմանային ծառայության հետ։ Իրավասու երկու կառույցից էլ մեզ պատասխանեցին, որ նման ինֆորմացիայի չեն տիրապետում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանի` «Սփյուռքի միջազգային կենտրոն» կազմակերպության Վրաստանի ներկայացուցիչները, «Վրաստանում բնակվող ադրբեջանցիների միավորում»-ը եւ «Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրես»-ը ապրիլի 23-ին, Վրաստանում ՀՀ դեսպանատան մոտ «խաղաղ ակցիա» իրականացնելու մասին տեղեկատվություն էին տարածել։