Մասամբ ճանաչված Աբխազիայի Հանրապետության 22 ընտրատարածքներում խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլ անցկացվեց։ Այս մասին տեղեկացնում է apsny.ge֊ն։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդմամբ՝ 20:00-ին Աբխազիայում բոլոր ընտրատեղամասերը փակվել են և սկսվել է քվեաթերթիկների հաշվարկը։ Ընտրություններին մասնակցությունը կազմել է 53,05 տոկոս։
Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում խորհրդարանական ընտրություններն անցկացվել էին մարտի 12-ին։ Մասամբ ճանաչված պետության 35 պատգամավորական տեղի համար 137 թեկնածու էր պայքարում:
Հիշեցնենք, որ պաշտոնական Թբիլիսին այս ընտրությունները չէր համարել լեգիտիմ, ըստ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի՝ «Աբխազիայի բնակչության մեծ մասը փախստական է և բռնի տեղահանված, իսկ օկուպացված տարածքում վերահսկող ուժն օտար պետություն է` Ռուսաստանի դաշնությունը, ուստի հնարավոր չէ խոսել բնակչության ազատ կամարտահայտման մասին»:
ՆԱՏՕ-ն նույնպես չէր ճանաչել այս ընտրությունները։