Վրաստանում մարտի 5-ից մեկնարկում է 2018 թվականի ազգային միասնական քննություններին մասնակցելու դիմորդների գրանցման գործընթացը: Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Մայա Միմինոշվիլիի հայտարարության համաձայն, գրանցումը սկսվել է ժամը 15:00-ին, կտևի մինչև մարտի 30-ը (ժամը 18:00):
Միմինոշվիլիի խոսքերով, բացի դիմորդներից սկսել է նաև ուսանողների դրամաշնորհային մրցույթին մասնակցելու, մագիստրատուրայի ընդունելության և ուսուցիչների որակավորման քննությունների գրանցումը:
«Այս տարի ևս դիմորդների գրանցումը կանցկացվի մի քանի փուլով: Առաջին փուլում հավաքվում են անձնական տվյալները, նշվում է, թե տվյալ դիմորդը որ քաղաքում և ինչ առարկաներից է հանձնելու քննությունը։ Մարտի 30-ից հետո գրանցված դիմորդը չի կարող փոխել քաղաքը, սակայն ընտրած առարկան կարող է փոխել մինչև մայիսի 15-ը (ժամը 18:00)»,- հայտարարել է Միմինոշվիլին:
Դիմորդները պետք է էլեկտրոնային գրանցում անցնեն հետևյալ հասցեով՝ www.naec.gov.ge կամ online.naec.ge: