The Economist ամսագրի հետազոտության համաձայն, տարածաշրջանում Վրաստանի ժողովրդավարության ինդեքսը զգալիորեն նվազել է: 2017 թվականին այն կազմել է 5,93, իսկ 2018 թվականին նվազել մինչև 5,50:
«Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին մայիսին վերադարձավ քաղաքականություն՝ ստանձնելով իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը։ Թեև նա չի զբաղեցրել այլ պաշտոն, սակայն փոխվել է կառավարության քաղաքականությունը»,- գրում է ամսագիրը:
Ամսագիրն օրինակ է բերում նաև վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հրաժարականի գլխավոր պատճառը՝ «անհամաձայնություն պարոն Իվանիշվիլիի հետ» և ոչ թե ժողովրդի մասսայական դժգոհությունը կառավարության գործունեության նկատմամբ:
«Պարոն Իվանիշվիլիի ազդեցությամբ կառավարությունը մասնակցեց նաև նախագահական ընտրությունների երկրորդ փուլին և ընտրություններից 2 շաբաթ առաջ 600 000 քաղաքացու պարտքեր զրոյացրեց: Այս որոշումը կառավարությանը նշանակալի առավելություն տվեց նախընտրական քարոզարշավի ընթացքում ընդդիմության հանդեպ»,- ասվում է ամսագրի պատրաստած հետազոտությունում, որտեղ Վրաստանը կրկին գտնվում է «Հիբրիդային ռեժիմի» ցուցակում:
Նույն հետազոտության համաձայն, տարածաշրջանի «Հիբրիդային ռեժիմների» միջև ամենաշատ աճ գրանցել է Հայաստանը, որի ինդեքսը 2017 թվականին կազմել է 4,11, իսկ 2018-ին այն աճել է 4,79: Այս ամենի պատճառն ըստ ամսագրի՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն է ևՆիկոլ Փաշինյանի անցկացրած հակակոռուպցիոն բարեփոխումները:
Տարածաշրջանում Հայաստանի հետ միասին Մակեդոնիայի, Մոնտենեգրոյի և Բոսնիա Հերցեգովինայի «Ժողովրդավարության ինդեքսն» է բարելավվել: Իսկ Վրաստանի հետ վատթարացել է Մոլդովայի վիճակը: