Թբիլիսիի 5 բուժհաստատություններում արտակարգ դրություն է սահմանվել

Հունվարի 8-ից Թբիլիսիի առաջին օգնության 5 բուժհաստատություններում արտակարգ դրություն է սահմանվել: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի առողջապահության նախարարության մամլո ծառայությունը:

Գերատեսչությունը  կոչ է անում գրիպի ախտանշանների դեպքում անմիջապես դիմել բժշկի:

Մայրաքաղաքում բուժհաստատությունները 24- ժամյա արտակարգ ռեժիմի են անցնում գրիպով հիվանդությունների դեպքերի աճի հետ կապված:

Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն նշել է, որ 100 հազար բնակչի հաշվով արձանագրված է գրիպով հիվանդացության 256 դեպք, ինչը նախորդ շաբաթվա տվյալների համեմատ պակաս է:

Մցխեթայի բժշկական կենտրոնում կարանտին է սահմանվել: Այստեղ 3 հոգի ծանր վիճակում է, միացված են արհեստական շնչառական ապարատին, իսկ 50 հոգի բուժում է անցնում: Կարանտինը կշարունակվի մեկ շաբաթ:

Հիշեցնենք, Վրաստանում գրիպից արդեն 9 մարդ է մահացել: