ԱՄՆ-ի Ժողովրդավարության ազգային ինստիտուտը (NDI) հրապարակել է Վրաստանում անցկացրած հերթական հետազոտության արդյունքները։
Հետազոտության համաձայն, Եվրամիությանը Վրաստանի անդամակցությունն ընդունելի է համարել հարցվածների 60%-ը, Եվրասիական տնտեսական միությանը՝ 29%-ը։
Հարցվածների մեծ մասը գտնում է, որ ռազմական ուժի տեսանկյունից Ռուսաստանը ավելի հզոր է քան ԱՄՆ-ն: Հարցին` ձեր կարծիքով, ռազմական ուժի տեսանկյունից որ երկիրն է ավելի հզոր, 44%-ը պատասխանել է Ռուսաստանը, 36%-ը` ԱՄՆ-ն:
Հարցվածների 66%-ը ասել է, որ մասնակցել է նախորդ տարվա ՏԻՄ ընտրություններին (ԿԸՀ-ի տվյալներով մասնակցությունը կազմել է 45.86 %), իսկ 33%-ը նշել է, որ չի մասնակցել ընտրություններին:
Հարցվածների 34%-ը վստահություն է հայտնել, որ տեղական ինքնակառավարման նորընտիր իշխանությունները ավելի լավ կաշխատեն, քան նախորդները: 44 %-ը պնդել է, որ կաշխատեն այնպես, ինչպես նախկինում։
Միևնույն ժամանակ, հարցվածների մեծ մասը (33%) հիմնականում կասկածել է, որ երկրի ողջ տարածքում ՏԻՄ ընտրությունների ձայների հաշվարկը ճիշտ է կատարվել:
NDI-ի հետազոտության համաձայն, հարցվածների 39%-ը կարծում է, որ Վրաստանը շարժվում է սխալ ուղղությամբ, իսկ 32%-ը ասել է, որ Վրաստանում ոչինչ չի փոխվում: 26%-ը վստահ է, որ Վրաստանը ճիշտ ուղղությամբ է շարժվում:
Վրաստանում ավելի շատ հակված են Եվրամիությանն անդամակցելուն, քան ՆԱՏՕ-ին: Վրաստանի քաղաքացիների 81%-ը պաշտպանում է Եվրամիություն մտնելու ձգտումը։ Հարցվածների 64%-ը կողմ է ՆԱՏՕ-ին անդամակցելուն:
Հետազոտությունը անցկացվել է նոյեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 19-ը Վրաստանի բոլոր շրջաններում (բացի Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներից)։ Հարցմանը մասնակցել է շուրջ 2 հազար 298 մարդ:
NDI-ի հետազոտությունը իրականացվել է Մեծ Բրիտանիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ: