Միավորված ընդդիմությունը Վրաստանի նախագահական ընտրությունների արդյունքները չի ընդունում և պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Այս մասին Թբիլիսիի ֆիլհարմոնիայի դահլիճում տեղի ունեցած հանդիպմանը հայտարարել է միավորված ընդդիմության նախագահի արդեն նախկին թեկնածու Գրիգոլ Վաշաձեն:
«Մենք Վրաստանում նախագահական ընտրություններ չենք ունեցել: Տեղի ունեցածը կրիմինալի ահաբեկչության պայմաններում ֆարս էր: Մենք այս ընտրությունների արդյունքները չենք ընդունում: Վրաստանը նախագահ չունի: Միավորված ընդդիմությունը պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- հայտարարել է Վաշաձեն:
Ընդդիմությունը պահանջում է ընտրություններ անցկացնել համամասնական կամ համամասնական-շրջանային սկզբունքով: Այս պահանջով ընդդիմությունը նախատեսում է բողոքի խաղաղ ցույց անցկացնել Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելի պողոտայում դեկտեմբերի 2-ին, կիրակի օրը, ժամը 15:00-ին: