Ըստ մշակված փոփոխությունների՝ Վրաստանում պետության կողմից բազմակողմանի օգնություն կստանան այն ընտանիքները, որոնք բազմազավակի կարգավիճակ կունենան:
Ըստ օրենսդրական նոր նախաձեռնության՝ Վրաստանի քաղաքացիական օրենսգրքում կավելանա «Բազմազավակ ընտանիք» եզրույթը. այդպիսին է համարվելու ընտանիքը, որը 4-ից ավելի 18 տարեկանը չլրացած անձ ունի: Փոփոխությունները կառավարությանը կպարտավորեցնեն մշակել հատուկ սոցիալական ծրագրեր՝ նման ընտանիքներին աջակցելու համար: Խորհրդարանի առողջապահության և սոցիալական ապահովության հարցերով հանձնաժողովն արդեն պայմանավորվել է Ֆինանսների նախարարության հետ՝ էլեկտրաէներգիայի վարձավճարի սուբսիդավորման հարցով:
4 երեխա ունեցող ընտանիքներին ամսական 20 լարի կվճարվի էլեկտրաէներգիայի ծախսի համար, և 10-ական լարի՝ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար: Հանձնաժողովից հայտնել են, որ նշված առավելություններից օգտվելու են միայն այն ընտանիքները, որոնց ամսական եկամուտը չի անցնում 6 հազար լարին: Վրաստանում բազմազավակի կարգավիճակ կստանա մոտ 12,500 ընտանիք: Բացի էլեկտրաէներգիայի սուբսիդավորումից, բազմազավակ ընտանիքների երեխաները հնարավորություն կունենան անվճար մարզական և այլ խմբակներ հաճախել:
Այսօրվա դրությամբ պետությունը աջակցում է երեք և ավելի երեխաներ ունենալու դեպքում՝ ցածր ծնելիություն ունեցող շրջաններում: Մայրերը ստանում են ամսական 150 լարի՝ երեխայի ծնվելուց մինչեւ 2 տարին լրանալը: Բարձրլեռնային շրջանների մայրերը ստանում են 200 լարի:
Նյութի աղբյուր՝sputnik-georgia