«Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցն օրակարգում չէ»,-այս մասին հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն։
Նրա խոսքով, այս փուլում ժնևյան ձևաչափը միակն է, որտեղ քննարկվում են վրաց-ռուսական հարաբերություններին վերաբերող կարևոր հարցերը: Երկխոսությունն այս կերպ կշարունակվի այնքան ժամանակ, մինչև չկատարվեն 2008 թվականի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները:
«Լսեցի մեր ընդդիմադիր գործընկերների հայտարարությունները, որ, իբր, այս ամենը (վրաց-ռուսական հարաբերություններում ընթացող վերջին իրադարձությունները, խմբ․) խոսում է դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին: Ինչ են կարդացել, որ նման եզրակացություն են հանգել, զարմանալի է: Սա անհնար է․ թե ինչպես են վերականգնվելու Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները, օրակարգային հարց չէ, նման իրավիճակում դա առաջ չի քաշվում, այդ մասին ռուսական կողմը քաջ տեղյակ է»,-հայտարարել է Աբաշիձեն: