Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կանխարգելման եւ մոնիտորինգի դեպարտամենտի ներկայացուցիչը Եվրամիության երկրների տարածքում ապօրինի բնակվող Վրաստանի քաղաքացիների վերադարձի ծրագրի մոնիտորինգ է իրականացրել:
Ինչպես «Ինտերպրեսնյուս» լրատվականին տեղեկացրել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, կանխարգելման եւ մոնիտորինգի դեպարտամենտի աշխատակիցը Թբիլիսիի միջազգային օդանավակայանից ուղեւորվել է Գերմանիայի եւ Հունաստանի օդանավակայաններ, որտեղ մասնակցել է Վրաստանի 86 քաղաքացիների ետդարձի գործընթացին:
Նշված անձանց Գերմանիայի եւ Հունաստանի սահմանային ոստիկանությունը Վրաստանի ներքին գործերի նախարարության ուղեկցորդին է հանձնել: Գործընթացը համակարգել է Եվրամիության անդամ-պետությունների արտաքին սահմանների հարցերով օպերատիվ համագործակցության կառավարման եվրոպական «Ֆրոնտեքս» գործակալությունը: