Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» անդամները այսօր ակցիա են իրականացրել իշխող «Վրացական երազանք»-ի հիմնադիր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին պատկանող «Քարթու» բանկի մոտ։ Նրանք փորձել են կուսակցության ազդեցիկ դեմքերից Կախա Կալաձեի ու Օթար Փիրցխալավայի նկարներն ու «դու աշխատում ես, նրանք գողանում են» գրություններով պաստառները փակցնել բանկի պատերին։
«Սա բանկ չէ, սա Իվանիշվիլիի ձեռքում սև գումարների լվացքի մեքենա է»,- հայտարարել է ՄԱՇ-ի՝ Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Զաալ Ուդումաշվիլին:
Վերջինիս խոսքով՝ «այս ընկերությունը չարության խորհրդանիշն է, ինչի պատճառով, ՄԱՇ-ը պարբերաբար ցույցեր կկազմակերպի»:
«Այս շինությունը այն շինությունը չէ, որը հոգ է տանում մեր քաղաքի, մեր երեխաների ու թոռների համար: Սա «Վրացական երազանք»-ի պետական կանցելարիան է»,- հայտարարել է ՄԱՇ-ի առաջնորդներից Նիկա Մելիան:
Կուսակցության մեկ այլ անդամ Լևան Խաբեիշվիլին էլ հանրային ռեեստրից ստացած փաստաթղթերն է ներկայացրել, թե ինչ ընկերություններ ունի Բիձինա Իվանիշվիլիի մորաքրոջ որդին՝ Ուչա Մամացաշիլին ու վերջինիս աշխատակից Ալա Կախնիաուրին:
Ցույցի ժամանակ հայտարարություններ են հնչել, թե Իվանիշվիլին կապված է նաև զենքի վաճառքի հետ: