«Ժորա, Գեմո, Մանան…», — Ուլյանովկայի վերջին մոհիկանների անուններն է մտաբերում հարեւան գյուղի բնակիչը, — «Մի ամիս առաջ եմ Ժորային տեսել, բայց երևի ինքն էլ ա գնացել, ըստեղ չի էլ, իսկ Գեմոյին մի քանի վախտ առաջ ինֆարկտ ա խփել, էլ չգիտեմ ինչ եղավ, դե Մանանն էլ կարծեմ մեր գյուղ ա տեղափոխվել»:
Ժամանակին հույներով բնակեցված Ուլյանովկա գյուղը գտնվում է Մառնեուլիի շրջանում՝շրջկենտրոնից 63 կմ հեռավորությամբ: Այսօր այստեղ ապրող միակ բնակիչը, ասում են լսողության հետ կապված խնդիրներ ունի, ցավոք, նրան էլ չկարողացանք հանդիպել։
Քարուքանդ ու դատարկված այս գյուղի տիրակալը ծանրացած լռությունն է ու երբեմնի բնակիչների ստվերները։Ասես մի քարավան է անցել այստեղով, թշնաբար քանդել ու կողոպտել ամեն բան: Ու միայն բնությունն է, որ դիմացել է այդ արհավիրքին ու մի բան էլ ավելի՝ այս կողմերում շռայլորեն է սփռել իր ողջ հմայքը։ Գյուղն իրենց թևերի մեջ են առել անտառները, իսկ հարակից տարածքում հոսող գետակը երակների պես տարածվել է ծառերի մեջ՝ ամբողջացնելով արհեստական թվացող այս բնապատկերը։
Գյուղի խնդիրների մասին խոսելը դժվար է, քանի-որ այստեղ ամեն ինչն է խնդիր, ապրելն է խնդիր, հենց այդ պատճառով էլ թողել գնացել են մարդիկ: Էլեկտրականություն չկա, ճանապարհ չունեն, վատ եղանակին գյուղ հասնելը գրեթե անհնարին է: Չկան ապրելու նվազագույն պայմաններ:
«Հիմնականում ամառներն են գալիս դե, մեղվի փեթակներ են բերում` ըստեղ բերքը լավն ա, կամ էլ անասուն են պահում, իսկ խորը աշնանը գնում են հետ», — ասում է Ուլյանովկա գյուղից մոտ երկու կիլոմետր հեռավորությամբ գտնվող Աղքյորփի գյուղի բնակիչ Սերժիկ Հարությունյանը։
Ուլյանովկա գյուղի մասին խոսելը Սերժիկի համար դժվար է։ Ցավում է, որ խորհրդային տարիներին մեծ բնակչություն ունեցող աշխույժ գյուղից միայն հիշողություններ են մնացել։
2002 թվականի մարդահամարի ժամանակ՝ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության ցանկում Ուլյանովկա գյուղում ոչ մի բնակիչ գրանցված չէ, իսկ վերջին՝ 2014 թվականի մարդահամարի արդյունքում գրանցված է չորս մարդ: Ո՞վքեր են այդ մարդիկ, ու՞ր են հիմա, ինչու՞ է գյուղը մոռացվել ու մնացած ինչուների այս ամբողջ շարանը օդում պտտվում ու այդպես էլ անպատասխան են մնում: