Վրաստանի նախկին վարչապետ` միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին դատական հայցեր է ներկայացրել շվեյցարական Credit Suisse Group ընկերության դեմ: Իվանիշվիլիի կարողությունը 5.6 միլիարդ ԱՄՆ դոլար գնահատող ամերիկյան Bloomberg-ի փոխանցմամբ, վրաց գործարարի փաստաբանները օգոստոս ամսվա ընթացքում 3 դատական հայց են ներկայացրել Սինգապուրում, Նոր Զելանդիայում եւ Բերմուդյան կղզիներում:
Վրաստանի ամենաազդեցիկ մարդը համարվող գործարարը, բոլոր երեք դեպքերում պահանջում է, որպեսզի Credit Suisse Group-ը տրամադրի բանկի միջոցով նշված երկրներում իր ունեցած ներդրումների վերաբերյալ փաստաթղթերի ողջ փաթեթը: Իվանիշվիլիի փաստաբանների փոխանցմամբ տեղի է ունեցել գործարարի միջոցների վատնում, որի հստակ չափերը դեռեւս հաշվվում են: Ի պատասխան Բիձինա Իվանիշվիլիի ֆինանսական միջոցների կառավարմամբ զբաղվող շվեյցարական Credit Suisse-ը հայտարարել է, թե տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը բանկի 1` արդեն նախկին աշխատակցի վրա է:
Ֆինանսական մեքենայության մեջ մեղադրվող շվեյցարական բանկի աշխատակիցը, ում անունը չի հրապարակվում, ձերբակալվել էր դեռեւս 1 եւ կես տարի առաջ: Նրա փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը ընդունել է իր մեղքը, ուստի լրացուցիչ հետաքննության կարիք չկա: Մինչդեռ Իվանիշվիլիի փաստաբանների կարծիքով, ֆինանսական միջոցները վատնելու մեջ ներգրավված են եղել Credit Suisse-ի այլ աշխատակիցներ եւս, իսկ մասնավորապես բանկի հոգաբարձուների խորհրդի անդամներ, ովքեր շահագործել են գործարարի վստահությունը: Ավելին, նշվում է նաեւ, որ առաջիկայում կարող են քրեական գործեր հարուցվել նաեւ այլ երկրներում, որտեղ` ըստ Բիձինա Իվանիշվիլիի փաստաբանների, Credit Suisse-ը գրասենյակներ ունի եւ որոնց միջոցով մեղադրյալը փողեր է փոխանցել:
Այս տարվա հուլիսին, անազատության մեջ գտնվող Credit Suisse Group-ի աշխատակցի դեմ մեղադրանք է առաջադրվել Ժնեւի դատախազությունը: Ենթադրվում է, որ գործի վերաբերյալ դատական լսումները սկսվելու են 2017-ի հոկտեմբերին Շվեյցարիայում: Այս ժամկետը, սակայն` փոփոխման ենթակա է, հաղորդում է Bloomberg-ը:
Լուսանկարը` Bloomberg-ի