Վրաստանը տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ է ընտրում՝ 64 սակրեբուլոյի (շրջանային խորհրուրդ) 2058 պատգամավոր, ինչպես նաև 5 քաղաքի և 59 շրջանի ղեկավարների: Պայքարում է 22 կուսակցություն և 5 ընտրական դաշինք: Ամենամեծ դաշինքը 3 կուսակցություն միավորող «Միացյալ ազգային շարժումն» է: Անկախ թեկնածուները 12-ն են:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 3.440.123 ընտրող՝ 1,8 մլն. կին և 1,6 մլն. տղամարդ: 08:00-20:00 տևող ընտրությունների համար տպվել է 9.546.450 քվեաթերթիկ, յուրաքանչյուր ընտրող ստանալու է 3 տեսակի քվեաթերթիկ՝ բաց կանաչը՝ քաղաքապետի, երկնագույնը՝ սակրեբուլոյի պատգամավորի՝ կուսակցական ցուցակով և վարդագույնը՝ մեծամասնական պատգամավորի համար: 208 ընտրատեղամասի համար քվեաթերթիկները երկլեզու են՝ վրացերեն, ադրբեջաներեն, 133-ում՝ վրացերեն, հայերեն, իսկ 4 տեղամասում՝ 4 լեզվով: Ընտրությունների հաղթող է համարվում 50 տոկոսի շեմն անցած թեկնածուն: Հակառակ դեպքում՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է ընտրությունների երկրորդ փուլ:
Ընտրությունների ընթացքին հետևում է 54.800 վստահված անձ, 20․600 դիտորդ, լուսաբանելու է 4.820 լրագրող:
Ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո Ռուսթավի 2 հեռուստաընկերությունը կհայտնի Exitpoll-ի արդյունքները, նախնական արդյունքները ԿԸՀ-ն կհրապարակի կեսգիշերն անց։
Այս ընտրությունների առանձնահատկություններից է ներքին գործերի նախարարության և բանակի հատուկ տեղամասերի բացակայությունը: Առաջին անգամ ոստիկաններն ու զինվորականները կարող են քվեարկել սովորական տեղամասերում՝ ըստ բնակության վայրի: