Շուրջ 1,5 տոննա միս, ավելի քան 35 տաղավար, Ախթալայում տեղի ունեցավ 9-րդ խորովածի փառատոնը:
Միջոցառման կազմակերպիչ, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանի խոսքերով, միջոցառումը կարելի է կայացած համարել.
«Եթե նախկինում ուղղակի հորդորում էինք մասնակիցներին տաղավարներ ունենալ՝ այսօր այդ խնդիրը չկա, մասնակիցներն իրենք են դիմում մեզ: Նույնը կարող եմ ասել տեղացիների վերաբերյալ և դա չափազանց կարևոր է, քանի որ մեր առաջնային նպատակներից մեկը տեղացիների սոցիալական վիճակի բարելավումն է»:
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն Ախթալան հայտարարել է խորովածի մայրաքաղաք՝ հաշվի առնելով, որ Ախթալան հնագույնն է այն բոլոր վայրերից, որտեղ նշվում է «Խորովածի տոնը»: Մամուլյանի գնահատմամբ՝ փառատոնին հավաքվել են Հայաստանի լավագույն, ամենահամարձակ, ամենաազգային խորոված պատրաստողները:
Փառատոնի կազմակերպիչն ընդգծեց նաև, որ փառատոնը նպաստում է հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը.
«Զորօրինակ, այսօր մեզ մոտեցավ այնտեղ գործող ընկերության ներկայացուցիչ՝ առաջարկելով մեզ մասնակցել Վրաստանում սեպտեմբերի 16, 17-ին կազմակերպվող խորովածի փառատոնին: Հաճույքով ընդունեցի հրավերը: Այստեղ էլ շատ ուրախանում ենք հատկապես վրացիների այցելությամբ: Ոչ մեկի համար գաղտնիք չէ Ախթալայի եկեղեցու պատկանելության հարցը: Մենք ուզում ենք ընդունել այստեղ վրացիներին: Նույն հավատքի ժողովուրդ լինելով՝ մենք ուզում ենք դնել եկեղեցուց համատեղ օգտվելու հարցը»:
Ժյուրիի անդամներից Ռուսաստանի Բուրյատիի շրջանի խոհարարների ասոցիացիայի նախագահ Երվանդ Ղալեչյանը նշեց, որ հարկավոր է ավելի հաճախ և ավելի զանազան փառատոններ իրականացնել, որպեսզի օտարերկրյա այցելուները տեսնեն, թե ինչ ուտող-խմող ազգ են հայերը. «Կցանկանայի նաև, որ մեր խոհարարները չկանգնեն նույն տեղում այլ շարժվեն առաջ՝ նոր մտահղացումներով»:
Ժյուրիի մեկ այլ անդամ ավստրալիացի Արյանան կիսվեց իր տպավորություններով.
«Արդեն երրորդ տարին է Հայաստանում եմ ապրում, խորոված շատ եմ սիրում, այդ իսկ պատճառով փորձում եմ խիստ գնահատել, այնուամենայնիվ, բոլորը համեղ են և յուրօրինակ: Արդեն կշտացել եմ, սակայն դեռ չգնահատված տաղավարներ կան»:
Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը «Ալիք մեդիայի» հետ զրույցում վստահեցրեց, որ չնայած կիզիչ արևին, այցելուները կարողացան վայելել ժամանակն ու համտեսել բարձրաճաշակ խորովածը.
«Հպարտության տեղիք է տալիս այն փաստը, որ Ախթալայում տեղի ունեցող խորովածի փառատոնը Հայաստանում անցկացվող փառատոններից ամենամասշտաբայինն ու ամենասիրվածներից մեկն է»:
Խաչիկյանը խոսեց նաև վրաց զբոսաշրջիկների այցելության կարևորության մասին՝ ընգծելով, որ հարկավոր է պահպանել և զարգացնել հայ-վրացական բարեկամական հարաբերությունների դարավոր պատմությունը: